Posted in պատմություն

Կիլիկիայի հայոց թագավորություն

Կիլիկիայի հայոց թագավորությունը կառավարվում էր արքունիքի գործակալությունների և Վերին  ատյանի միջոցով: Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը: Պայլը  թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը: Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի բացակայության ժամանակ: Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, ռազմական ուժերի հրամանատարն էր, թագավորի առաջին տեղակալը. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխանական զորամիավորումները: Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ: Արքունի դպրապետության (քարտուղարություն) գործակալը՝ ջանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակները, շնորհագրերը: Նա է պահել պետական կնիքը, ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ  վարել օտարերկրյա պետությունների հետ: Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի ընտրված արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձ (օրինակ՝ Վահրամ Րաբունի վարդապետը): Սեղանապետության գործակալը ղեկավարել է արքունի տան եկամուտներն ու ծախսերը, պալատի տնտեսությունը, համարվել թագավորի խորհրդական և «հավատարիմն տանն արքայի»: Մաքսապետության գործակալը ղեկավարել է պետական եկամուտները, մաքսային ու տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները: Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները և մյուս պաշտոնյաները: Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը (պետական փոստի գործակալ) և այլն: Մեծ հեղինակություն է վայելել տիկնանց տիկինը՝ թագուհին: Նա մասնակցել է արքունի և իշխանական խորհրդի նիստերին, քաղաքական մեծ դեր խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքում:

Advertisements