Posted in պատմություն

Տաթևի համալսարան

Տաթևի համալսարան, հիմնադրվել է Որոտնավանքի կրթարան վարդապետարանում և գործել է 1373-1435 թթ․։ Բարձր առաջադիմություն և մեծ համբավ է ունեցել Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու ուսուցչապետության տարիներին՝ 1390-1410 թթ․։ Հովհան Որոտնեցին մինչ այդ դասավանդում էր Գլաձորի համալսարանում և, տեղափոխվելով Տաթևի վանք, հիմնում է նոր համալսարան՝ կատարելագործելով ուսումնական ծրագրերը, կանոնակարգելով ուսանողների ընդունելության գործընթացն ու ուսուցիչների դասակարգումը։ Կրթության մակարդակն ու համբավն էլ ավելի բարձրացավ Հովհան Որոտնեցու հայտնի աշակերտ Գրիգոր Տաթևացու ուսուցչապետության տարիներին՝ համալսարանը դառնում է համայն հայության գիտա-կրթական և մշակութային կենտրոն։ Համալսարանում գործել է երեք ֆակուլտետ՝ փիլիսոփայական-աստվածաբանական, գեղագրության և մանրանկարչության, երաժշտության։ Դասավանդվում էին փիլիսոփայություն, կրոն, հայոց լեզու և քերականություն, գրականություն, պատմություն, ճարտասանություն, գրչարվեստ, մանրանկարչություն և գեղանկար, բնագիտություն և աստղաբաշխություն, մաթեմատիկա, ճարտարապետություն, երաժշտություն և երգեցողություն, ուսուցչություն և հասարակական գիտություններ, այլ առարկաներ։ Պատրաստվում էին նաև հոգևորականներ, աստվածաբաններ, ձեռագրերի արտագրության, ձևավորման և արտադրության մասնագետներ։ Համալսարանն ունեցել է հարուստ ձեռագրատուն-մատենադարան, որտեղ պահպանվել են 10 հազարից ավելի ձեռագիր գրքեր։ Ուսումը, ինչպես և Գլաձորի համալսարանում, տևում էր 7-8 տարի։ Բացի 500 հոգևորականներից, Տաթևի համալսարանում ապրում էին փիլիսոփաներ, երաժիշտներ, գրողներ և նկարիչներ։ Համալսարանը թալանվել և ամբողջությամբ հրկիզվել է 1435 թ․ Շահրուխի՝ Թամերլանի կրտսեր որդու և ժառանգի կողմից։

Advertisements