Posted in պատմություն

Զաքարյանների իշխանապետությունը

Զաքարյան իշխանապետություն, պետություն Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան հատվածում՝ Վրացական թագավորության (1008-1490) հովանավորության ու գերիշխանության ներքո։ Այն կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչներ: Զաքարյանները Հայաստանում իշխանության են եկել այնպիսի ժամանակաշրջանում, երբ վերացել էր Անիի Բագրատունիների թագավորությունը (885-1045) և բոլոր ենթակա թագավորություններն ու իշխանությունները Տարոնում (800-966), Տայքում (809-1001), Վասպուրականում (908-1021), Վանանդում (963-1065), Տաշիր-Ձորագետում (978-1113), Սյունիքում (987-1170) և այլուր։ Հայաստանում ստեղծվել էին բազմաթիվ ամիրայություններ, որոնց գլուխ էին կանգնել իսլամադավան սելջուկները։ Վերջիններիս արշավանքը Հայաստան տեղի էր ունեցել 11-րդ դարի կեսերին։ Կաթողիկոսական աթոռը հայտնվել էր դեգերումների մեջ և հանգրվանել բուն Հայկական լեռնաշխարհից դուրս՝ Եփրատի ափին գտնվող Հռոմկլա ամրոցում։ Այն հետագայում մտնում է նորաստեղծ հայկական պետության՝ Կիլիկիայի թագավորության կազմում։ Բուն Հայաստանում հայկական հողերը միավորելու, հայ ազնվական ու հոգևորական վերնախավը վերամիավորելու և ժողովրդի խաղաղ զարգացումն ապահովելու համար Զաքարյանները զինակցում են հայկական ծագում ունեցող Բագրատիոնիների հետ։ Վերջիններս Վրաստանում հասել էին թագավորական աստիճանի և կառավարել ավելի քան մեկ հազարամյակ (9-19-րդ դարեր)։ Հաջողվում է ազատագրել Հայաստանի հյուսիսային, արևելյան ու կենտրոնական հատվածները։ Զաքարյանների օրոք վերջին անգամ հայ ժողովուրդը իր տարածքում կարողանում է ստեղծագործական աշխատանքի անցնել։ Կառուցվում են նորանոր վանքեր ու եկեղեցիներ, ամրոցներ ու բերդեր, շունչ են տրվում հայկական միջնադարյան քաղաքներին։ Որպես քաղաք՝ նոր զարգացում է ապրում Երևանը: Նրանց թուլացմանն ու անկմանը զուգընթաց, հայ ժողովուրդը սկսում է արտագաղթել հայրենիքից, առաջանում են միջնադարյան գաղթավայրեր Եվրոպայում և Ասիայում: Հայաստանում մեկը մյուսին է հաջորդում մոնղոլ-թաթարների, Կարակոյունլու և Ակկոյունլու թուրքմենների, օսմանյան թուրքերի և պարսիկների տիրապետությունը։ Բնակություն են հաստատում բազմաթիվ քրդական ու թյուրքական ցեղեր։

Advertisements