Posted in պատմություն

Շահամիր Շահամիրյան

Հովսեփ Էմինի ու Մովսես Բաղրամյանի վերադարձը Հնդկաստան կարևոր նշանակություն ունեցավ գաղթօջախի կյանքում: Նրանք համոզեցին հնդկահայ ուրիշ գործիչների ևս, որ առանց ժողովրդի լայն աջակցության Հայաստանի ազատագրման գործում հնարավոր չէ հասնել հաջողության: Հետևաբար անհրաժեշտ է միավորել հայ երիտասարդությանը, նրանց դաստիարակել հայրենասիրության ու ազգային արժանապատվության ոգով: Հայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու համար անհրաժեշտ էր հայրենասիրական ոգով գրականություն ունենալ: Նման գրքեր տպագրելու համար հնդկահայ մեծահարուստ Շահամիր Շահամիրյանը 1771թ. Մադրաս քաղաքում հիմնում է հայկական տպարան: 1772թ. այդ տպարանում լույս է տեսնում Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը: Հայ իրականության մեջ դա առաջին հրապարակախոսական տպագիր աշխատությունն էր: Գրքում ներկայացվում են հայ ժողովրդի հերոսական անցյալը, նրա աշխարհագրական լայնարձակ սահմանները և դրան հակադրվում է առկա վիճակը, երբ երկիրը շահագործվում է օտարների կողմից: Գիրքը կոչ է անում հայ երիտասարդներին դուրս գալ օտար բռնակալների դեմ և զենքի ուժով հասնել ազատության. «Խիզախությամբ եղեք, եղեք նմանվողներ մեր նախահոր՝ քաջ Արամի որդիներին, որ միգուցե թե այդպիսով կարողանանք վերագտնել մեր հայրենիքն Արարատյան»: «Նոր տետրակի» մեջ քննադատվում է միապետական կարգը՝ այն համարելով հայոց պետականության անկման պատճառներից մեկը: Մեկ մարդը ի վիճակի չէ անսխալ կառավարել, իսկ թագավորի սխալը դժբախտություն է երկրի համար: Ուստի առաջարկվում է ստեղծել սահմանադրություն և երկիրը կառավարել ժողովրդի ընտրովի ներկայացուցիչների միջոցով: Ստանալով «Նոր տետրակը» և զգուշանալով հայ երիտասարդների անժամանակ ապստամբելու վտանգից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը խիստ միջոցների է դիմում: Նա հրամայում է հավաքել և այրել այդ գիրքը, փակել տպարանը և հեռացնել Մովսես Բաղրամյանին: Նրա սպառնալիքները, սակայն, չկասեցրին գրքի տարածումը: 1786թ. «Նոր տետրակը» թարգմանվում է ռուսերեն և լույս է տեսնում Պետերբուրգում, իսկ այնուհետև թարգմանվում նաև վրացերեն: Շարունակելով «Նոր տետրակի» գաղափարները՝ Մադրասի խմբի անդամներից Շ. Շահամիրյանը հրատարակում է «Որոգայթ փառաց» գիրքը: Այն ապագա հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքների ժողովածու էր, որը պետք է կիրառվեր երկիրը օտար լծից ազատագրելուց հետո: Հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից: Հայաստանում պետք է իշխեր օրենքը: «Հայոց տունը» պարտավոր էր ստեղծել գործադիր իշխանություն (կառավարություն): Այդ նպատակով փոխանորդներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ կարող էր դառնալ նախարար, իսկ մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ: Նախարարը լինելու էր օրենքների առաջին կատարողը և զորքի գլխավոր հրամանատարը: Հայաստանի բոլոր բնակավայրերը պետք է ունենային դպրոցներ: «Որոգայթ փառաց» գիրքը սահմանադրական հանրապետություն ստեղծելու ծրագիր էր և հայ քաղաքական մտքի կարևոր նվաճումներից մեկը:

Advertisements
Posted in պատմություն

Հնդկահայեր

18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ հայ գաղթօջախները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը: Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17-րդ դարերում և զբաղվում էին գերազանցապես վաճառականությամբ: Հայկական խոշոր և ծաղկուն համայնքներ կային Հնդկաստանի շատ քաղաքներում: 17-րդ դարի երկրորդ կեսից, երբ եվրոպական պետությունները փորձում էին ներթափանցել Հնդկաստան, հայերն արդեն այնտեղ մեծ կշիռ ունեին: Անգլիական «Արևելա-հնդկական ընկերությունը» Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու նպատակով 1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ: Դրա համաձայն հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում: Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին միայնակ տիրանալ հնդկական առևտրին և սկսում են հետզհետե սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիները ունեին խոշոր նավատորմ, կանոնավոր բանակ, ուստի կարողացան զենքի ուժով տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայ բուրժուազիան սկսում է գիտակցել հայրենիքի, սեփական պետության ու բանակի անհրաժեշտությունն ու նշանակությունը: Հնդկահայ այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը: