Posted in Քիմիա

Քիմիական կապեր

Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ միմյանց կապված ատոմների համախումբ են: Նյութերի քիմիական հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ: Հին ժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպե՞ս և ինչու՞ են ատոմները միանում, և ի՞նչ ուժեր են նրանց իրար մոտ պահում: XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական բնույթի են: Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ: Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև,
որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը: Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով: Այդ էներգիան կազմում է 40-ից մինչև 1000կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում դասակարգվում են որպես կովալենտային,իոնային և մետաղային կապեր: Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև: Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև: Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում:

Advertisements