Posted in պատմություն

Ֆրանսիական մեծ հեղափոխություն

ֆրանսիական ժողովրդի՝ հազարամյա բռնապետության, աղքատության, կաշառվածության, անհավասարության դեմ ցասումն էր, նրա ձգտումն էր դեպի ավելի լավ ապագա: Միաժամանակ, ֆրանսիական մեծ հեղափոխությունն առաջ բերեց սարսափելի կողմեր՝ հաշվեհարդար նախկին ազնավականների, եկեղացականների, այլ քաղաքական հայացքներ ունեցող հեղափոխականների նկատմամբ՝ հազարավոր կորսված կյանքեր գիլյոտինի վրա, ահաբեկչությունն ու հալածանքը որպես առօրյա, բարձրարժեք եկեղեցիների ոչնչացում և այլ: Այսուհանդերձ, հեղափոխության արդյունքում տապալվեցին հին միապետական կարգերը և Ֆրանսիան  դարձավ նոր ժամանակների առաջին հանրապետությունը. այն հայտարարեց հավասար իրավունքներ և պարտականություններ իր բոլոր քաղաքացիների համար՝ համաձայն «ազատություն, հավասարություն,  եղբայրություն» իր հայտնի կարգախոսի: Այն մեծագույն ազդեցություն ունեցավ ամբողջ աշխարհի վրա՝ տարածվեցին ազատության և ժողովրդավարության գաղափարները: Շատ պատմաբաններ կարծում են, որ Ֆրանսիական հեղափոխությունը մարդկության կյանքում մեծագույն իրադարձություններից է: Ֆրանսիական մեծ հեղափոխության հիմքում ընկած են սոցիալական, քաղաքական, տնտեսական և այլ բազմաթիվ պատճառներ: Մյուս կողմից, հեղափոխությունը իր դարը ապրած ֆեոդալամիապետական համակարգի երկարատև և ավելի խորացող ճգնաժամի օրինաչափ արդյունք էր: Այն արտացոլում էր բնակչության հիմնական մասը կազմող երրորդ դասի (մանր բուրժուաներ, գյուղացիություն, պլեբեյության) և արտոնյալ   դասակարգի՝ ազնվականության միջև անհաղթահարելի հակասությունները: Տնտեսական պատճառներից էր համատարած աղքատությունը, վերջին մի քանի տարիների անբերքատվության հետևանքով առաջ եկած սննդի թանկությունը,  թերի հարկային համակարգը, պետական բյուջեի աննպատակ վատնումը ամերիկյան պատերազմների վրա: Միաժամանակ Վերսալում գտնվող արքայական վերնախավը բացարձակ կղզիացել էր ժողովրդից և անտարբեր էր օրեցոր խորացող ճգնաժամի նկատմամբ: Լյուդովիկոս XVI թեև տեսականորեն կատարյալ միապետ էր, իրականում նա բազմիցս նահանջում էր անհրաժեշտ ֆինանսական և տնտեսական բարեփոխումների գործում իր անվճռականության հետևանքով: Ֆրանսիական հեղափոխության գործում մեծ դերակատարում ունեցան Լուսավորության գաղափարները, որոնց կրողները՝ բազմաթիվ  գրողները, հրատարակիչները կարողանում էին միապետության դեմ տրամադրել հանրային կարծիքը: Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը 1789-ի հուլիսի 14-ն էր, երբ ժողովուրդը գրավեց միապետության խորհրդանիշ Բաստիլի ամրոցը և քանդեց այն: Սա ժողովրդի առաջին հաղթանակն էր, այս օրը նշվում է իբրև տոն՝ ժամանակակից Ֆրանսիայում:  Արքան ստիպված էր ճանաչել հեղափությունը: Առաջիկա շաբաթների ընթացքում հեղափոխությունը տարածվեց ամբողջ երկրով: Քաղաքներում հասարակ ժողովուրդը փոխարինում էր հին տեղական իշխանությունները նոր քաղաքային մարմիններով: Փարիզում և այլ քաղաքներում ստեղծվում էր զինված Ազգային գվարդիան: Միաժամանակ առաջացած հզոր գյուղացիական շարժումները ամրապնդեցին հեղափոխության հաղթանակը: 1789թ. օգոստոսի 26-ին Սահմանադիր ժողովը ընդունեց աշխարհում առաջին Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը:

Advertisements