Posted in Իրավունք

Երևանի քաղաքապետի ընտրություններ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:  Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ  մասերով սահմանված կարգով, այսինքն՝ քվեարկում են ավագանու անդամները։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: Երևանի քաղաքի ավագանու կանոնակարգի համաձայն՝ քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող անձը, որը նաև չունի այլ պետության քաղաքացիություն: Հոդված 47-ը սահմանում է, որ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երեւանի բնակիչներին տրված երդմամբ:

Posted in Իրավունք

Երևանի ավագանու ընտրություններ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։
Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
Երևանի ավագանին գործում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն և օժտված է Երևան համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելու իրավասությամբ: Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ: Նիստերի օրերը որոշում է ավագանին: Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
Ավագանու նիստը հրավիրում և վարում է քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` քաղաքապետի առաջին տեղակալը: Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ… Ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով սահմանված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ քննարկումներ։ Ավագանու նիստերի գումարման, նիստերում հարցերի քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
Ավագանու արտահերթ նիստ գումարում է քաղաքապետը կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:
Արտահերթ նիստ գումարելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով: Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից…

Posted in Իրավունք

Հայցադիմում

Դատարանի անվանումը՝ քաղաքացիական դատարան

Հայցվոր՝ Վարդանյան Սոնա Արսենի

Հայցվորի ներկայացուցիչ՝ Զաքոյան Մերի Հրաչյայի

Պատասխանող՝ Հարությունյան Կարեն Արմենի

11.11.2019 հայցվորը՝ քաղաքացի Վարդանյան Սոնան հայտնել է, որ ցանկանում է ամուսնալուծվել իր ամուսնուց՝ քաղաքացի Հարությունյան Կարենից՝ պնդելով, որ նա հարբեցող է և խաղամոլ։ Ըստ կնոջ տված տեղեկության ամուսինը ամեն օր տուն է գալիս հարբած և ծեծում է իր կնոջն ու երեխաներին, ինչն ի դեպ վկայում է նաև հայցվորի մայրը և հարևանուհին։ Երեխաներից մեկը 7, իսկ մյուսը 11 տարեկան է։ Հայրը նաև չի կատարում իր ծնողական պարտականությունները չստեղծելով երեխաներին ապրելու համար նախատեսված նորմալ պայմաններ և կրթության միջոցներ։ Սակայն հայրը հրաժարվում է ամուսնալուծվելուց։

Խնդրամաս

Խնդրում ենք դատարանին նշանակել դատ, ամուսնալուծելով զույգին ըստ ընտանեկան օրենսգրքի 16-րդ կետի և զրկել հորը իր հայրական իրավունքներից խաղտելու համար քրեական 39-րդ կետը։

Posted in Իրավունք

Ժառանգությունն ըստ ՀՀ քաղաացիական օրենսգրքի

ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է ժառանգության երկու տեսակ՝ ըստ կտակի և ըստ օրենքի: Ըստ օրենքի  ժառանգության դեպքում ժառանգները ժառանգման են հրավիրվում որոշակի հերթականությամբ: Ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում: Իսկ նույն հերթի ժառանգները ժառանգում են հավասար բաժիններով: Այսպես համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի ՝ առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով, երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով, երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը, չորրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները): Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով: Ըստ օրենքի ժառանգների թվին են պատկանում այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչև ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո: Ըստ օրենքի այլ ժառանգների առկայության դեպքում նրանք ժառանգում են այն հերթի ժառանգների հետ միասին, որը ժառանգության է հրավիրվում: Ըստ օրենքի ժառանգության դեպքում որդեգրվածն ու նրա երեխաները մի կողմից, և որդեգրողն ու նրա ազգականները մյուս կողմից հավասարեցվում են ըստ ծագման ազգականներին (արյունակից ազգականներին):  Որդեգրվածը և նրա երեխաները, ըստ օրենքի, չեն ժառանգում որդեգրվածի ծնողների ու ըստ ծագման նրա այլ ազգականների մահից հետո: Որդեգրվածի ծնողները և ըստ ծագման նրա այլ ազգականները, ըստ օրենքի, չեն ժառանգում որդեգրվածի ու նրա երեխաների մահվանից հետո:

Posted in Իրավունք

Ծնողական իրավունքներից զրկելը Հայաստանում

Ծնողական իրավունքներից զրկելը կապված է երեխայի շահերի և իրավունքների պաշտպանության հետ  և դիտարկվում է իբրև ծնողների կամ նրանցից մեկի օրինազանցության կամ սեփական երեխայի կյանքի կամ առողջության դեմ կանխամտածված քրեական հանցագործության դեպքում դատարանի կիրառող իրավական պատասխանատվության չափանիշ: Հայաստանի Ընտանեկան օրենսգրքով նախատեսած դեպքերում ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով:

Ծնողական իրավունքներից զրկելու հետ կապված հարցեր.

• մայրական կամ հայրական ծնողական իրավունքներից  զրկում,

• ծնողական իրավունքներից զրկելու հայցով դատարան դիմելու իրավունք,

• ծնողական իրավունքների զրկումից իրավական հետևանքների առաջացում,

• ծնողական իրավունքներից զրկված ծնողների երեխայի տեղավորում,

• ծնողական իրավունքների վերականգնում,

• երեխայի որդեգրում:

Ծնողական  իրավունքներից  զրկելու  հիմքերը.

• երեխայի դաստիարակության պարտավորությունից  խուսափելը,

• երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքը,

• ծնողների մոտ խրոնիկ ալկոհոլիզմի կամ թմրամոլության առկայությունը,

• երեխայի ցանկացած տեսակի  շահագործումը  երեխային մուրացկանության և շրջմոլիկության է ստիպում,

• երեխայի նկատմամբ դիտավորությամբ կատարած հանցագործության համար ծնողներից մեկին դատապարտումը:

Անձինք կարող են զրկվել ծնողական իրավունքներից իրենց բոլոր երեխաների կամ երեխաներից մեկի նկատմամբ:

Ծնողական  իրավունքներից  զրկելու  հայցով  դատարան  ներկայանալու  իրավունք  ունեցող անձինք.

• ծնողներից որևէ  մեկը , ով բարեխղճորեն  կատարում է  ծնողական պարտականությունները

• որդեգրողը կամ խնամակալը,

• որդեգրած ծնողները,

• դատախազը, հոգաբարձության և խնամակալության մարմինները,

• առողջապահության հաստատությունները,

• հաստատություններ , որոնք  նախատեղված  են ինչպես  որբ, այնպես  էլ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար:

• բարեկամ, ում ընտանիքում բնակվում է երեխան, և ով, ըստ էության, դաստիարակում է նրան:

Միաժամանակ,  դատարանը կարող է ծնողական իրավունքներից  զրկմանը զուգահեռ լուծել  նաև երեխայի պահելու համար ալիմենտի բռնագանձման հարցը:

Մյուս ծնողի ցանկությամբ երեխան կարող է փոխանցվել իրեն: Եթե, երեխան չի կարող փոխանցվել մյուս ծնողին, ապա նրա փոխանցման համար սեփական հայտարարությամբ մյուսների նկատմամբ առավելապես իրավունք ունեն տատն ու պապը, չափահաս քույրերն ու եղբայրները, երեխայի մյուս բարեկամները, խորթ մայրը, խորթ հայրը:

Ծնողական իրավունքներից զրկելն իրականացնում է դատարանը, հոգաբարձության և խնամակալության մարմինների մասնակցությամբ: Դատարանը միաժամանակ լուծում է ծնողական իրավունքից զրկված ծնողներից  (նրանցից մեկից), երեխայի համար ալիմենտի բռնագանձման հարցը:

Ծնողական իրավունքից զրկումը ծնողներին չի ազատում իրենց երեխային պահելու պարտավորությունից:
Երեխան պահպանում է բնակելի տարածքի սեփականության կամ բնակելի տարածքի օգտագործման իրավունքը, ինչպես նաև ծնողների և բարեկամների հետ` հարազատության փաստով հիմնավորված, պահպանում է գույքային իրավունքները, այդ թվում ժառանգություն ստանալու իրավունքն անկախ հանգամանքից, որ նրա ծնողներից մեկը, կամ երկուսն էլ զրկված են ծնողական իրավունքից:

Ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է, եթե ծնողը, կամ ծնողները փոխել են վարքագիծը, ապրելակերպը, երեխայի դաստիարակության հանդեպ վերաբերմունքը և եթե չի հակասում երեխայի շահերին:

Ծնողական իրավունքների վերականգնման գործերը վերանայվում են հոգաբարձության և խնամակալության մարմինների մասնակցությամբ:

Տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է միայն նրա համաձայնությամբ:

Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է և դա չեղյալ հայտարարված չէ:

Posted in Իրավունք

ՀՀ դատարանները

Հայաստանի Հանրապետությունում դատարանները հինգն են՝ Ընդհանուր իրավասությունների դատարան, Սահմանադրական դատարան, Վարչական դատարան, Վերաքննիչ քրեական դատարան, Վճռաբեկ դատարան։

Ընդհանուր իրավասությունների դատարան

ՀՀ դատական համակարգի առաջին օղակի դատարանները առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարաններն են, որտեղից սկսվում է դատական գործերի քննությունը․ Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի։ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննությունը, որպես կանոն, իրականացվում է դատավարական օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգերով։ Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։ Ընդհանուր իրավասության դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Դատարան պետք է դիմել բոլոր այն դեպքերում, երբ առկա է որևէ վեճ այլ անձի կամ կազմակերպության հետ, այն չի ենթադրում որևէ հանցանքի կատարում այդ անձի կամ կազմակերպության ղեկավարի կողմից, որը նախատեսված է քրեական օրենսգրքով։ Դատարան դիմելը վեճը լուծելու միակ օրինական տարբերակն է, եթե սպառվել են բանակցությունների միջոցով հարցը լուծելու հնարավորությունները։ Դատարան կարող է դիմել ցանկացած չափահաս և գործունակ անձ, եթե վեճը վերաբերում է անձամբ իրեն, կամ նա ներկայացնում է իր մերձավոր ազգականին։ Այլ դեպքերում դատարանում հանդես գալու իրավունք ունեն միայն փաստաբանները։ Ամեն դեպքում մինչև ինքնուրույն որևէ քայլ ձեռնարկելը ցանկալի է դիմել որևէ փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի․ Սխալ գործողությունները կամ մարտավարությունը կարող է անդառալի հետևանքներ առաջացնել գործի համար։ Ընդհանուր կանոնի համաձայն նախ պետք է պարզել պատասխանողի բնակության վայրը։ Հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան։ Առկա են նաև բացառություններ, որոնք նախատեսված են օրենքով։

Սահմանադրական դատարան

ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը: Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի նիստերում: Սահմանադրական դատարանի նիստը հրավիրում և նախագահում է Սահմանադրական դատարանի նախագահը: Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Մինչև դատաքննությունն սկսվելը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող են միավորվել և դատարանի նույն նիստում քննվել միայն նույն հարցին վերաբերող գործերը:Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին ներկա են լինում միայն Սահմանադրական դատարանի` տվյալ գործով դատաքննությանը մասնակցած դատավորները։ Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են:

Վարչական դատարան

ՀՀ Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, որոն թվում են՝ հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճեր, վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով, հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, այդ թվում՝ արհեստակցական միությունների, գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը, վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից։ Ընդ որում, ՀՀ Վարչական դատարանին ընդդատյա չեն ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը, ընդհանուր իրավասության կամ քրեական դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև սնանկության վարույթում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը։

Վերաքննիչ քրեական դատարան

Վերաքննիչ քրեական դատարանին ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանների՝ օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը: Վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որն ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա: Դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները՝ միանձնյա: Դատարանում գործի քննությունն իրականացվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության կանոններով: Դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Դատարանը կազմված է դատարանի նախագահից և 16 դատավորից:

Վճռաբեկ դատարան

ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, ՀՀ վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։ Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից և քաղաքացիական և վարչական պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։ Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ Վճռաբեկ դատարան, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում։

Posted in Իրավունք

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան (թարգմանաբար demos – ժողովուրդ, kratos – իշխանություն բառերից) քաղաքական համակարգի տեսակ է, որտեղ ընտրող հասարակությունը մասնակցում է ընտրություններին և քաղաքական գործիչներ է ընտրում Օրենսդրական խորհուրդում իրենց ներկայացնելու համար:

Այնուհետև Խորհրդի անդամները որոշումներ են ընդունում ձայների մեծամասնությամբ: Ուղիղ դեմոկրատիայի մաքուր ձև է, երբ ընտրող հասարակությունը ուղղակի որոշումներ է կայացնում կամ քաղաքական գործընթացներում ուղիղ մասնակցություն է ունենում: Դեմոկրատիայի վերաբերյալ քաղաքական մտքի պատմության մեջ եղել են իրարամերժ կարծիքներ, դեռևս Պլատոնի և Արիստոտելի ժամանակներից, անտիկ Հունաստանում հայտնի էր դեմոկրատական քաղաքական համակարգը, որը սակայն և Պլատոնը, և Արիստոտելը համարում էին վատ կառավարման համակարգ: Սակայն քաղաքականության տեսության մեջ տարածված է այն կարծիքը, որ “դեմոկրատիայից սարսափելի ուղեբեռ չկա աշխարհում, սակայն դրանից լավ մարդկությունը ոչինչ չի ստեղծել”: Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են ժողովրդավարության տարբեր կոնցեպցիաներ և ժողովրդավարական քաղաքական համակարգի տարբեր մոդելներ: Հիմնականում առանձնացվում են դեմոկրատիայի 2 մոդելներ՝

  • ուղղակի դեմոկրատիայի մոդել,
  • ներկայացուցչական դեմոկրատիայի մոդել:
Ուղղակի դեմոկրատիայի պարագայում ժողովուրդը հանդիսանում է ոչ միայն իշխանության ձևավորման հիմնական աղբյուրը, այլև դրա անմիջական իրականացնողը: Այսպիսի մոդելը հիմնականում գործել է անտիկ ժողովրդավարության պայմաններում, հին հունական պոլիսներում, երբ պոլիսի բոլոր քաղաքացիները ուղղակիորեն մասնակցել են քաղաքական որոշումների ընդունման գործընթացին: Ներկայացուցչական դեմոկրատիայի պայմաններում ժաղովուրդը իր՝ քաղաքական որոշումները ընդունելու իրավունքը լիազորում է իր կողմից ընտրված ներկայացուցիչներին, որոնք էլ ժողովրդի անունից իրականացնում են իշխանությունը տվյալ երկրում: Այսօր ավելի տարածված է ներկայացուցչական դեմոկրատիայի մոդելը: Բացի վերոնշյալ մոդելներից, առանձնացվում են նաև մի շարք կոնցեպցիաներ, մասնավորապես լիբերալ-դեմոկրատիայի կոնցեպցիան, որի հիմքում ընկած է
  • մարդու անհատական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,
  • իշխանությունների տարանջատման սկզբունքը,
  • շուկայական հարաբերությունների առկայությունը,
  • մասնավոր սեփականության գերակայությունը,
  • պետության նվազագույն գործառույթների իրականացումը,
  • հասարակության ընկալումը որպես անհատների պարզ համագումար:
Սոցիալ-դեմոկրատիայի համաձայն առաջնությունը տրվում է ոչ թե մարդու անհատական իրավունքներին, այլ հանրային շահերին, մարդկանց կոլեկտիվ իրավունքներին և ազատություններին: Սոցիալ-դեմոկրատիայի համաձայն պետությունը հասարակության կյանքում ունի ավելի մեծ դերակատարում, մասնավոր սեփականությունից զատ ընդունվում են նաև տնտեսվարման խառը ձևերը, հասարակությունը ընկալվում է որպես օրգանական ամբողջություն, որը ավելին է, քան զուտ անհատների պարզ համագումար: Քաղաքագիտության մեջ առանձնացվում են նաև
ժողովրդական դեմոկրատիայի տեսությունը, որտեղ քաղաքական որոշումների ընդունման պրոցեսներում նախապատվությունը տրվում է ժողովրդական կամքին:
պլեբիսցիտալ դեմոկրատիայի քաղաքական տեսությունը, որտեղ քաղաքական որոշումները ընդունվում են տարբեր հանրահավաքների և պլեբիսցիտների միջոցով:
Դեմոկրատիայի տնտեսական կոնցեպցիան, որը հիմնավորում է այն գաղափարը, ըստ որի, ժողովրդավարական քաղաքական համակարգեր ավելի հեշտ է կառուցել տնտեսապես զարգացած երկրների պայմաններում, որտեղ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱն տատանվում է 10.000-12.000 $-ի շրջանակներում: Այս դեպքում դեմոկրատիայի հաստատման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ: Հայաստանում այդ թիվը 4 անգամ պակաս է և հասնում է 1000-2000 $-ի:
Դեմոկրատական տեսության թվում առանձնացվում է դեմոկրատական ալիքների տեսությունը: Այս կոնցեպցիայի համաձայն, վաղ թե ուշ աշխարհի բոլոր պետությունները պետք է գան դեմոկրատական կառավարման համակարգի, իսկ այդ գործընթացը տեղի է ունենում ժողովրդավարական ալիքների տեսքով, որտեղ նկատվում են մակընթացության և տեղատվության երևույթներ: Դեմոկրատիայի առաջին ալիքը սկիզբ է առել 19-րդ դարի 20-ական թվականներից: Այն իր մեջ ընդգրկել է շուրջ 30 երկիր և տևել է մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Այդ ընթացքում այդ պետությունների մոտ կեսը հետ նահանջեցին դեմոկրատական կառավարման սկզբունքներից՝ վերածվելով ավտորիտար քաղաքական համակարգով պետությունների: Երկրորդ ալիքը ընդգրկում է երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը: 2-րդ ալիքի մեջ ներառվեցին մոտ 60 պետություններ, որոնցից մոտ 20-ը 50-60-ականներին նորից հետ նահանջեցին: Դեմոկրատիայի երրորդ ալիքը սկիզբ է առնում 20-րդ դարի 80-ական թվականներին և համապատասխանում է ԽՍՀՄ կազմալուծման հետ: Այս ընթացքում աշխարհի շուրջ 165 պետություններ բռնեցին դեմոկրատիայի ուղին: Այսօր աշխարհը գտնվում է դեմոկրատիայի 3-րդ ալիքի մեջ, նկատվում են տեղատվության երևույթներ. այս տրամաբանությամբ դեռ սպասվում են չորրորդ և հինգերորդ ալիքները: Այսպիսով ժողովրդավարական քաղաքական համակարգին բնորոշ են հետևյալ հատկանիշները՝
  • Մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանության մեխանիզմներ:
  • Քաղաքական պլյուրալիզմի կամ բազմակարծության առկայություն:
  • Իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառում:
  • Օրենքի գերակայություն և բոլորի հավասարություն օրենքի առջև:
  • Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում:
  • Իրավական և սոցիալական պետության կայացում:
  • Էթնիկական, կրոնական և մշակութային բազմազանություն:
Մեծամասնության իշխանություն և փոքրամասնության իրավունքների երաշխավորված պաշտպանություն:
Ժողովրդավարական քաղաքական համակարգը գործում է հետևյալ սկզբունքի համաձայն. “Թույլատրված է այն, ինչն արգելված չէ օրենքով”: