Posted in պատմություն

Տրդատ 3-րդի գահակալությունը

Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր: Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը) նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը: Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում: Պարսից տերության դեմ Ավրելիանոսի հաղթական արշավանքին մասնակցած Տրդատը նշանակվել է Հռոմին ենթակա Արևմտյան Հայաստանի թագավոր (274–276 թթ.): 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ Գ-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Նախապես հյուսիսից թիկունքն ամրապնդելով ալանների հետ կնքած դաշնագրով (կնության է առել Ալանաց թագավոր Աշխադարի դուստր Աշխենին)՝ Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298 թ-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով՝ Սասանյաններն ստիպված հրաժարվել են Հայաստանի մեծ թագավոր տիտղոսից և Տրդատ Գ-ին ճանաչել որպես թագավոր: Վերականգնելով հայկական պետության անկախությունը՝ Տրդատ Գ-ն վերահաստատել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական» սահմանները, անցկացրել նոր աշխարհագիր, կարգավորել հարկային համակարգը և այլն: Գահակալման առաջին տարիներին Տրդատ Գ-ն հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին: Խոշտանգել է իրեն հավատարմորեն ծառայած, քրիստոնեության ջատագով Գրիգորին (Սբ Գրիգոր Լուսավորիչ) և, իմանալով, որ նա Անակ Պարթևի որդին է, հրամայել է գցել Արտաշատի արքունի բանտի մահապարտների գուբը (հետագայում այնտեղ կառուցվել է Խոր վիրապի վանքը): 301 թ-ին Տրդատ Գ-ի հրամանով Վաղարշապատի մերձակայքում սպանվել են Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց և Գայանյանց քրիստոնյա կույսերը: Ըստ Ագաթանգեղոսի՝ ի տրիտուր այդ ամենի՝ թագավորն ու նախարարները պատժվել են «Տիրոջ պատուհասով». արքան դիվահարվել է: Վաղարշապատ բերված Գրիգորը նախ աղոթքով վերադարձրել է դիվաբախների զգաստամտությունը, ապա, անսալով Տրդատ Գ-ի ու ցավագարների աղաչանքին, բուժել է նրանց: Արդեն ապաշխարած ու դարձի եկած թագավորը եռանդուն մասնակցել է 3 վկայարանների (Սբ Հռիփսիմյանց և Սբ Գայանյանց կույսերի և Սբ Մարիանեի նահատակման վայրերում) և Էջմիածնի Մայր տաճարի կառուցմանը: Տրդատ Գ-ն, հակառակ «դաշնակից» Հռոմեական կայսրության տիրակալի կամքի, ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և քրիստոնեությունը 301 թ-ին Հայաստանում հռչակել պետական կրոն: Տրդատ Գ-ն պետական հիմքերի վրա է դրել Հայոց եկեղեցապետի ընտրությունը. հրավիրել է հայ ավագանու ժողով, Գրիգոր Լուսավորչին կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավորական իշխանությանը ենթարկվելու կանոնակարգը: 302 թ-ին Տրդատ Գ-ն Գրիգոր Ա Լուսավորչին ուղարկել է Կապադովկիայի Կեսարիա քաղաք, որտեղ կատարվել է նրա ձեռնադրությունը: 303 թ-ի հունվարի 6-ի այգալույսին՝ Սբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը, Բագավանում՝ Արածանիի ակունքների մոտ, Գրիգոր Ա Լուսավորիչը մկրտել է Տրդատ Գ-ին և արքունիքը: Արքայի մկրտության վայրում կա մի քար, որ կոչվում է «Տրդատի քար» (կանգուն է ցայսօր): Տրդատ Գ-ի կամքով Հայ եկեղեցու սպասավորների մեջ ընդգրկվել են նաև նախկին քրմեր և քրմորդիներ: Տրդատ Գ-ն հիմնադրել է դպրոցներ, որտեղ ուսուցանել են հունարենով և ասորերենով. դպրոցը դադարել է մեհենական քրմության նեղ խավի մենաշնորհը լինելուց: Նվիրապետության տնտեսական հիմքերի ամրապնդման նպատակով Տրդատ Գ-ի հրամանով գյուղերի եկեղեցիներին հատկացվել է հողաբաժին, հոգևորականությունը դասվել է ազատների կարգը և ազատվել հարկերից: Տրդատ Գ Մեծը նաև հետևողական պայքար է կազմակերպել հեթանոսության դեմ: Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309–379 թթ.) հաջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ ճնշել է ապստամբ նախարարներին (ըստ Մովսես Խորենացու՝ բնաջնջել է Սլկունիների տոհմը), ապա Աղվանքի Գարգարացվոց դաշտում ճակատամարտում հաղթել հյուսիսային ցեղերին և պահպանել Հայաստանի միասնութունն ու արմատավորվող քրիստոնեությունը: Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմանները՝ ըստ 64 թ-ի Հռանդեայի պայմանագրի, քաղաքական դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատողական ձգտումները և ստեղծել կենտրոնացված հզոր պետություն: 330 թ-ին հրաժարվելով գահից՝ Տրդատ Գ Մեծը հեռացել է Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այրք կոչված վայրը, որտեղ 325 թ-ից ճգնել է նաև Գրիգոր Ա Լուսավորիչը: Ըստ Մովսես Խորենացու՝ Տրդատ Գ-ին թունավորել են հայ նախարարները. նրա դին արծաթապատ դագաղով տեղափոխվել և ամփոփվել է Դարանաղյաց գավառի Թորդան ավանում` Սբ Գրիգոր Ա Լուսավորչի կողքին:

Posted in պատմություն

Հռոմեա-հայկական պատերազմը

Ք.ա. I դ. սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց: Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ: Ք.ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը: Տիգրանակերտի ճակատամարտն ու մայրաքաղաքի անկումը չկոտրեցին հայոց թագավորի կորովը: Տիգրան Բ-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու: Նա չէր պատրաստվում ընկրկել հռոմեական բիրտ ուժի դիմաց: Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը: Ք.ա. 67 թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին: Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ Ք.ա. 66 թ. ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Հայաստան: Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված:

Posted in պատմություն

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը` Արտասեշ առաջին

Արտաշիսյաններն ամենայն հավանականությամբ սերել են հայկական նախորդ՝ Երվանդունիների արքայատոհմից (Արտաշես Ա-ն արամեական արձանագրություններում իրեն անվանում է «Երվանդական»): Արտաշես Ա-ն մ. թ. ա. II դարի սկզբին Հայաստանից անջատված ծայրամասային երկրամասերը վերամիավորել է և ստեղծել միասնական, համազգային պետություն, իրականացրել է մի շարք բարենորոգումներ, հիմնադրել նոր մայրաքաղաք՝ Արտաշատը (Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում), կառուցել է նաև այլ քաղաքներ, որոնցից հինգը, ի պատիվ հոր՝ Զարեհի, անվանել է Զարեհավան ու Զարիշատ: 
Ըստ Մովսես Խորենացու՝ Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի (Արտավազդ, Վրույր, Մաժան, Զարեհ, Տիրան, Տիգրան). Արտավազդը և Տիրանը թագավորել են իրենց հոր մահից հետո: Արտավազդ Ա-ի և Տիրանի (Տիգրան Ա) թագավորության տարիները համեմատաբար խաղաղ էին: Արտաշես Ա-ի թոռը՝ Տիգրան Բ Մեծը, դարձել է Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Նրա գահակալման 40 տարիները նշանավորվել են Հայաստանի ռազմաքաղաքական, տնտեսական ու մշակութային աննախադեպ վերելքով, հայկական պետության միջազգային դերի և հեղինակության բարձրացմամբ: Տիգրան Բ Մեծից սկսած` Արտաշիսյանները կրել են մեծ արքա, արքայից արքա տիտղոսները: Տիգրան Բ Մեծին հաջորդել է որդին՝ Արտավազդ Բ-ն: 
Արտաշիսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը Արտաշես Բ-ն էր՝ Արտավազդ Բ-ի թագաժառանգ որդին: Նա, գլխավորելով Հռոմի դեմ պայքարը և վերականգնելով դաշինքը Պարթևաց թագավոր Հրահատ IV Արշակունու հետ, մինչև մ. թ. ա. 31 թ. ոչ միայն ազատագրել է Մեծ Հայքը հռոմեական զավթիչներից, այլև ջախջախել է նրանց հետ գործակցող Ատրպատականի թագավոր Մար Արտավազդին ու նրա տերությունը միացրել Հայոց թագավորությանը: Հռոմի կայսր Օգոստոս Օկտավիանոսը վճռել է տապալել Արտաշես Բ-ին, և մ. թ. ա. 20 թ-ին հռոմեացիները կազմակերպել են Հայոց թագավորի սպանությունը: Հաջորդ Արտաշիսյանները եղել են հիմնականում Հռոմի դրածոներ: Արտաշես Բ-ին հաջորդել է նրա կրտսեր եղբայրը՝ կայսեր պալատում դաստիարակված Տիգրան Գ-ն: Արտաշատում նրա հանդիսավոր թագադրումը Հռոմում համարել են որպես մեծ նվաճում և նշել շուքով: Հատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» լատիներեն մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսը, Հորացիոսը, Վերգիլիոսը գրել են ներբողներ: Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ էլ գահ բարձրացրել իր դրածոյին՝ Մար Արտավազդի որդի Արիոբարզանին: Սակայն Տիգրան Գ-ն չի դարձել Հռոմի հլու կամակատարը. մ. թ. ա. 10 թ-ին հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն: Տիգրան Գ-ի քաղաքականությունը շարունակել է նրա որդին ու հաջորդը՝ Տիգրան Դ-ն: Անհանգստացած` Օգոստոս կայսրը գահընկեց է արել Տիգրան Դ-ին և թագավոր հռչակել նրա հորեղբորը՝ Արտավազդ Գ-ին: Վերջինս, որը շուրջ քառորդ դար ապրել էր Հռոմում, կառավարել է հռոմեական օրենքներով, թալանել պետական գանձարանը: Հայերն ապստամբել և տապալել են Արտավազդին, իսկ նրան պաշտպանող հռոմեական լեգեոններին արտաքսել Հայաստանից: Կրկին գահ է բարձրացել Տիգրան Դ-ն, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ: 1 թ-ին Տիգրան Դ-ն զոհվել է Հայաստան ներխուժած կովկասյան հրոսակ ցեղերի դեմ պայքարում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Այդպես վերացել է Արտաշիսյան հարստությունը, որին նպաստել է նաև արքայատոհմի արական ճյուղի ընդհատումը:
Posted in պատմություն

Տիգրան Մեծի տերության ստեղծումը

Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ: Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար  մ. թ. ա. 91–86 թթ-ին Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի: Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85 թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը: Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83 թ-ին մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Նույն ժամանակաշրջանում նա տիրել է նաև Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրան Բ-ն Տիգրանակերտի հիմնադրումով ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78 թ-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք: Մ. թ. ա. 73–72 թթ-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73–69 թթ-ին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Նաբաթեայի (արաբական պետություն) և Հուդայի (հրեական պետություն) թագավորությունների ընդվզումները: Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ VI-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73–71 թթ-ի հռոմեա-պոնտական պատերազմում: Մ. թ. ա. 71 թ-ի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը: Մ. թ. ա. 69 թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68 թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության մատնել Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67 թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67–66 թթ.) ճնշմամբ՝ Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից: Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթևական դաշինքը, և Պոնտոսը գրաված Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Բ-ի հաշտության առաջարկը: Մ. թ. ա. 66 թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Բ-ն շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի: Մ. թ. ա. 64 թ-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության: Գահը ժառանգել է որդին՝ Արտավազդ Բ-ն:
Posted in պատմություն

Պատմության առաջադրանքների փաթեթ․ սեպտեմբերի 23-27

Սեպտեմբերի 23-27
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում.
ա/ Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
բ/ Երվանդ 1-ին Սակավակյաց
գ/ Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, դասագիրք, էջ 65-68/.

Առաջադրանքներ.
1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները /գրավոր/.

Երվանդունիների արքայատոհմի արքա (մ.թ.ա. 570-560-ական թթ.):
Նրա օրոք հայկական պետության սահմանները գրեթե համընկել են Հայկական լեռնաշխարհի բնական սահմաններին:

Մարաստանի դեմ պայքարում չհասնելով հաջողության՝ ճանաչել է Աժդահակ (Աստիագես, մ.թ.ա. 585-550) թագավորի գերիշխանությունը, տարեկան նրան վճարել 50 տաղանդ հարկ և օժանդակել պատերազմներում:

Շուտով ԵՐՎԱՆԴ Ա-ն հրաժարվել է այդ պարտավորություններից, սակայն Աժդահակի զորավար Կյուրոս Աքեմենյանը (Կյուրոս II Մեծ) խարդախությամբ ձերբակալել է ԵՐՎԱՆԴ Ա-ին և կնքել նոր հաշտություն՝ վճարվելիք հարկը կրկնապատկելու և Մարաստանի գերիշխանությունը ճանաչելու պայմանով:

Հիշատակվում են ԵՐՎԱՆԴ Ա-ի որդիները՝ Տիգրանը, Ամպակը (Էմբաս), Շավարշը (Սաբարիս), դուստրը՝ Տիգրանուհին, որը, ըստ ավանդության, ամուսնացած էր Աժդահակի հետ:

Posted in պատմություն

Պատմության առաջադրանքների փաթեթ․ սեպտեմբերի 16-20

Սեպտեմբերի 16-20
1. 
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը.
ա/ Արգիշտի 1-ին
բ/ Սարդուրի 2-րդ /բանավոր, դասագիրք, էջ 53-56/

Առաջադրանք.
1. 
Ներկայացրե՛ք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի օրոք /գրավոր/.

Արգիշտի 1-նի գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց և նաև Բաբելոնիան ներառյալ: Սարդուրի 2- օրոք Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր մինչև Սև ծով և այն նաև ներառում էր Կուլխա երկիրը: Նաև Սարդուրի երկրորդը վերգրավել է Բաբելոնիան և դրանով նա ամրապնդել է սահմանը մինչև Պարսից ծոց:

Posted in պատմություն

Պատմության առաջադրանքների փաթեթ․ սեպտեմբերի 9-13

Սեպտեմբերի 9-13
Մաս 1-ին. 6-րդ դասարան.
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.
ա/ Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները
բ/ Գետերն ու լճերը
գ/ Վարչական բաժանումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 7-17/

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները /գրավոր/.
Աղբյուրը՝  Հայոց պատմություն. 6-րդ դասարան

Մեծ Հայքի տարածքը բաժանվել է 15նահանգների: Այդ նահանգներն են՝Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք և Փայտակարան:

Հայաստանի հիմնական խոշոր լճերն են համարվում՝Սևանա լիճը, Վանա լիճը և Ուրմիան: Սևանն այլ կերպ հայտնի է՝որպես Գեղարքունյաց կամ Գեղամա ծով: Սևանը ծովի մակերևույթից բարձր է եղել 1916մ, սակայն, քանի որ Խորհրդային Հայաստանում ջուրը անխնա օգտագործվել է, այդ պատճառով ջրի մակարդակը իջել է 20մետրով և հիմա աշխատանքներ են կատարվում, որպեսզի ջրի մակարդակը բարձրացնեն և նաև, որպեսզի հազվադեպ տեսակի ձկնատեսակներին փրկեն ոչնչացումից:

Վանա լիճը այն ժամանակ անվանել են Բզնունյաց ծով: Վանա լիճը հայտնի է Աղթամար կղզու վրա գտնվող Ս. Խաչ եկեղեցով: Վանա լճի աղի ջրի պպատճառով այնտեղ բազմանում է ընդամենը մի տեսակի ձուկ՝տառեխը:

Ուրմիան հնում անվանել են Կապուտան ծով: Նշեմ, որ Ուրմիան մեր լեռնաշխարհի ամենամեծ լիճն է: Նրա աղիության պատճառով Ուրմիան չունի բուսական և կենդանական աշխարհ:

Հայաստանից սկզբնավորվում են տվյալ հայտնի գետերը՝Եփրատը, Արաքսը, Տիգրիսը, Ճորոխը և Կուրը: