Posted in Հայոց լեզու, Տերյանական օրեր

Քո աչքերի դեմ իմ աչքերը կույր

Ընթերցում ենք Տերյանի ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուն:

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…
1904-1905

 

 

 

 

Advertisements
Posted in Տերյանական օրեր

Իմ անգիրները Տերյանից

ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում…
Այրում են սիրտըս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական…
Լո՜ւռ… Սիրո համար էլ չըկան երգեր,
Էլ խոսքեր չըկան…

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Իմ գերեզմանին դուք չմոտենաք

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

 

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Հուշեր

Մենակության մեջ, գիշերում անքուն,
Հիշում եմ կրկին դաշտերը անծայր,
Արտերի ծովը ոսկեղեն, ծփուն —
Երեկոների հանգիստը պայծառ։
Եվ իջնում է մի անսահման թախիծ…
Հիշում եմ նորից օրերըս մեռած,
Տխրություններըս անուշ ու անբիծ
Եվ ընդմիշտ անդարձ անուրջ ու երազ։
Հիշում եմ խոսքեր, ակնարկներ անձայն,
Մի լուսե պատկեր —ցնորք աղջկա,
Այն ամենը, որ երազ էր միայն,
Այն ամենը, որ չըկա՜ր ու չըկա՜